2 Timothy 4
1 Արդ այս վկայութիւնը դնում եմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առաջին որ դատելու է կենդանիներին եւ մեռելներին իր յայտնութիւնումը ու թագաւորութիւնումը.
2 Խօսքը քարոզիր. վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր, սաստիր, յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով։
3 Որովհետեւ ժամանակ կ’գայ որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս։
4 Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն եւ առասպելների ետեւից կ’մոլորին։
5 Բայց դու արթուն կաց ամեն բանի մէջ նեղութիւններ կրելով. աւետարանչի գործը գործիր. քո պաշտօնը կատարիր։
6 Որովհետեւ ես արդէն նուիրվում եմ, եւ իմ բաժնուելու ժամանակը հասած է։
7 Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի.
8 Այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը, որ Տէրը կ’տայ ինձ այն օրումը՝ արդար դատաւորը. եւ ոչ միայն ինձ, այլ եւ ամենին, որ սիրեցին նորա յայտնութիւնը։
9 Շտապիր որ շուտով ինձ մօտ գաս. որովհետեւ Դեմասը թողեց ինձ եւ այս աշխարհքը սիրեց, եւ գնաց Թեսաղոնիկէ.
10 Կրէսկէսը Գաղատիա. Տիտոսը՝ Դաղմատիա. Ղուկասն է միայն ինձ հետ.
11 Մարկոսին առնես հետդ բերես. որ ինձ ծառայութեան համար պէտք է։
12 Տիւքիկոսին ուղարկեցի Եփեսոս։
13 Վերարկուն, որ Տրովադայումն Կարպոսի մօտ թողեցի, գալիս՝ բեր, գրքերն էլ, մանաւանդ մագաղաթները։
14 Աղեքսանդրոս դարբինն ինձ շատ չարութիւն արաւ. Տէրը նորան հատուցում տայ իր գործերի պէս։
15 Դու էլ նորանից զգուշացիր. որ նա շատ հակառակ կեցաւ մեր խօսքերին։
16 Ատեանումն առաջին անգամ պատասխանելիս՝ ոչ ով չ’կանգնեց իմ կողմը, այլ ամենքը ինձ թողեցին. թող չ’համարուի նորանց։
17 Իսկ Տէրն ինձ մօտ կանգնեց, եւ զօրացրեց ինձ որ ինձանով քարոզութիւնը հաստատուի, եւ բոլոր հեթանոսները լսեն. եւ ես ազատուեցայ առիւծի բերանիցը։
18 Եւ կ’փրկէ ինձ Տէրն ամեն չար բանից եւ կ’ազատէ կ’հասցնէ իր երկնային արքայութեանը. որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
19 Բարեւ տուր Պրիսկէին եւ Ակիւղային, եւ Ոնեսիփորի տանը,
20 Երաստոսը մնաց Կորնթոսումը. եւ Տրոփիմոսին հիւանդ թողեցի Մելիտոսումը։
21 Շտապիր որ ձմեռիցն առաջ գաս։ Բարեւ է տալիս քեզ Եւբուղոսը, եւ Պուդէսը եւ Լինոսը, եւ Կլաւդիան եւ բոլոր եղբարքը։
22 Տէր Յիսուս Քրիստոսը քո հոգու հետ լինի. շնորհք ձեզ հետ։ Ամէն։